Ընթերցանություն

Պսակվել

Պսակի խորհուրդը հաստատվել է դեռևս դրախտում, Աստծո կողմից: Պսակի խորհրդով այր և կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` ստանալով Սուրբ Հոգու շնորհները: Այս «խորհուրդը մեծ է», քանզի քրիստոնեական պսակը և ընտանիքը մանրակերտն է Հիսուս Քրիստոսի ու Իր Եկեցեցու անխախտ միության: Ինչպես փեսան թողնելով իր հորը գնում է հարսի մոտ, այնպես էլ Հիսուս, թողնելով Հայրական Գահը եկավ, Իր հարսի` Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ: Այս խորհրդով տղամարդն ու կինը միավորվում են և դառնում մեկ մարմին: Եվ ինչպես Քրիստոս սիրեց եկեղեցին, այնպես տղամարդիկ պիտի սիրեն իրենց կանանց:

Գրանցում
Պսակի համար նախ պետք որոշել օրը և ժամը, ապա այցելել եկեղեցի նախապես գրանցվելու: Գրանցման համար անհրաժեշտ են պսակվողների անձնագրերը և դրանց պատճեները, խաչեղբոր անուն-ազգանունը: Պարտադիր պայման է, որ պսակվողներն անձամբ գան եկեղեցի` գրանցվելու համար:
Ցանկալի կլիներ, եթե մինչ պսակի օրը որոշելը, պսակվողները խորհրդակցեին քահանայի հետ և ճշտեին, թե որ օրերին է պահք, քանի որ պահքի օրերին պսակ չի կարելի անել:

Պսակի համար անհրաժեշտ պայմաններ
Խաչեղբայր (քավոր) , ով պետք է լինի մկրտված, չափահաս, ցանկալի է ոչ մոտ ազգական, ուղղափառ դավանանք ունեցող:
Պսակվողները պետք է լինեն մկրտված, նույն դավանանքին պատկանող:

Ի՞նչ պետք է բերել եկեղեցի պսակի համար
1. Երկու մոմ
2. 1 շիշ գինի
3. 1 բաժակ
4. Նշանի մատանիներ:

Պսակից առաջ պետք է զույգերը ապաշխարությամբ ու խոստովանությամբ Ս. Հարղորդություն ստանան և մեղքերից մաքրված կազմեն քրիստոնյա ընտանիք: Շատերն այսօր այս կարգը չեն պահում, սակայն ամուր ու երջանիկ ընտանիք ունենալու համար կարևոր է այս կարգին հետևելը:


Պսակի խորհրդի իմաստը

Իմացե՛ք, սիրելինե՛ր, որ պատրաստվում եք օրինավոր ամուսնության լծով միանալու. հարսանյաց օրինավոր խորհուրդն ու արարողությունն արհամարհելի կամ հեշտ գործ չէ, որն օրհնվում և իրագործվում է քահանայական աջով և եկեղեցական խորհրդակատարությամբ։ Այն շատ մեծ և պատկառելի խորհուրդ ունի, այնքան մեծ, որ Պողոս առաքյալն այն մինչև իսկ համեմատում է Քրիստոսի և Եկեղեցու սուրբ ու անապական հարսնության և փեսայության հետ։ Հետևաբար, այս համեմատությունը պատվական և մեծահարգ է դարձնում ամուսնության Սուրբ խորհուրդը, որը մարդկային գյուտ կամ հնարք չէ, այլ արարչադիր հրաման. մարդու՝ դրախտից հեռանալուց հետո Աստված օրինադրեց, որպեսզի ամուսնության միջոցով աճեն և բազմանան մարդիկ, ինչը սերնդագործության պետքի համար էր, այլ ոչ թե ունայն հեշտանքի, որ Աստված մեր բնության մեջ սերը դրեց, և աճեցրեց ու սաստկացրեց այն տղամարդու և կնոջ միջև այն աստիճան, որ աշխարհում այլևս ավելի մեծ սեր չգտնվեց, քան հարսինն ու փեսայինը։ Եվ հենց այս պատճառով Աստված ոչ թե հողից, այլ Ադամի ոսկորներից ստեղծեց Եվային, որպեսզի մարդն իբրև օտար էակի չնայի կնոջը, այլ՝ իբրև իր իսկ մարմնի, որը Բանն Աստված, ինքն իր հետ միավորելով, կնոջ սերը բարձրացրեց նրա ամուսնու սրտում և օրինադրեց, որ եթե նույնիսկ հարկ լինի, ամուսինը թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից։ Տե՛ս, ուրեմն, թե ինչ մեծ և ամուր կապով միավորեց տղամարդուն ու կնոջը՝ որդեծնության նպատակով։ Ընդ որում, ասաց. «Երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի», ինչպես որ մարդու կամ անասունի կատարյալ կազմություն ունեցող մարմինը ոչ ոք չի կարող երկուսի բաժանել։ Ահա այս պատճառով է, որ առաքյալն էլ, Քրիստոսից սովորելով, ասում է, թե՝ «Մարդիկ պիտի սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները»։ Եվ սրանից ավելի բարձր և վեհ մի խորհուրդ է հայտնում՝ «տղամարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը նրա համար խաչի մահվան մատնեց»։ Տեսո՞ւմ ես՝ իրենց կանանց հանդեպ մահու չափ զորավոր սեր է պահանջում ամուսիններից։ Իսկ կանանց էլ օրինադրում է, որ հնազանդ լինեն իրենց ամուսիններին, և ավելացնում է, թե ինչպես որ Եկեղեցին՝ Քրիստոսի հարսը, հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում պիտի հնազանդվեն իրենց ամուսիններին։ Աստծո այս պատկառազդու հրամանն է, որ ես՝ իբրև միջնորդ և քահանա, Աստծո իսկ հրամանով այժմ երկրորդում և պատգամում եմ հարսիդ ու փեսայիդ։
Ահավասիկ աստվածային այս ընթերցումներից պարզ դարձավ, որ կինն ու տղամարդն անքակ կապով են իրար միանում և հնարավոր չէ նրանց միմյանցից բաժանել, ինչպես որ անհնար է մարմնի անդամներին գլխից բաժանել։ Եվ երբ մարմնի վրա վերք է լինում կամ սաստիկ ցավ է պատահում, գլուխը չի կտրում և իրենից հեռացնում հիվանդ անդամին, այլ խնամում ու գուրգուրում է հատկապես այդ հիվանդ անդամին և մեծապես վշտանում, պրպտում և հոգ տանում, որպեսզի այդ հիվանդ անդամն իրենից չբաժանվի, որովհետև քաջ գիտե, որ անդամի հատումը ցավ է և պակասություն, իսկ մեկ այլ իմաստով՝ նաև ամոթ ու դժբախտություն հենց իր՝ մարմնի համար։ Նմանապես նաև երբ գլխին է որևէ վտանգ պատահում, ամբողջ մարմինը վշտանում է և անմիջապես մեծ փութով սպասավորում գլխին, որպեսզի ինքն էլ հիվանդ գլխի հետ չկորչի։ Արդ, այսպիսի սիրով պիտի միասին ապրեն այր ու կին, և կյանքում պատահող ամեն դիպված ու պատահար հավասարապես կիսեն ու բեռը կրեն, ըստ աստվածադիր հրամանի, այսինքն՝ ակամա բոլոր այն սխալներն ու թերացումները, որ մարդը կարող է գործել համաձայն իր սխալական բնության, կենցաղային և ընտանեկան հարցերում, ամուսինները պետք է ներեն միմյանց՝ հանուն սիրո օրենքի։ Եվ բոլոր հիվանդությունների պարագային, որ հաճախ են պատահում՝ տկարություն, կուրություն, հաշմանդամություն և այլն, անկեղծ սիրով միմյանց պետք է դարմանեն։ Սրանց համար, անշուշտ, պետք է աղոթել, որպեսզի բնավ չպատահեն, բայց առկայության պարագային էլ՝ առանց տրտնջալու և ձանձրանալու խնամք տանել, ինչքան որ պահանջում է Աստվածային օրենքը։ Եվ այս ամենը պահանջվում է մասնավորապես տղամարդուց՝ իբրև ուժեղ սեռի ներկայացուցիչ։ Այս բոլոր մարմնական դժվարություններից և հիվանդություններից առավել տղամարդը պետք է ջանա չնչին և փոքր սխալների համար կնոջ հանդեպ ներողամիտ լինելու։ Աստվածային օրենքին հակառակ է բռնությամբ և ծեծով առաջնորդվելու, այլ՝ երկայնամտությամբ և համբերությամբ զգաստության բերելու, ինչպես որ Պետրոս առաքյալը պատվիրում է ամուսիններին իմաստությամբ կանանց շահելու և իբրև տկար անոթների նրանց խնամք տանելու։ Տե՛ս, օրինակ, մեր կարիքների համար պատվական ու պայծառ է ապակե շիշը։ Բայց իր դյուրաբեկ բնույթի պատճառով եթե խնամքով չվերաբերվենք, անմիջապես կփշրվի և նրա մեջ եղած պարունակությունն անմիջապես գետին կթափվի, և օգուտի փոխարեն միայն վնաս կպատճառի։


Մեծ Մաշտոց, էջ 231-232
 

Դիտվել է 1690
2012.08.18
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.