Ընթերցանություն

Լրագրողական խմբակ

Լրագրողական խմբակ

Օր օրի <<անտարբերություն>> կոչվող համաճարակը վարակում է երիտասարդների մեծ մասին: Մինչդեռ պետք է զգոն, հետևողական լինել, լսել ու ընկալել, նայել ու տեսնել իրականությունը սթափ` ժուռնալիստի չեզոք տեսանկյունից ու լինել պատրաստ արձագանքելու ու լուսաբանելու, այսինքն, կարևորել ու սրտացավ լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր շուրջը: Ահա, թե ինչ նպատակ է հետապնդում Սուրբ Երրորդություն եկեղեցու լրագրողական խմբակի ստեղծումը, որը գործում է 2011 թ. սեպտեմբեր ամսից: Լրագրողական խմբակը կազմավորվել է Տեր Եսայի քահանա Արթենյանի և լրագրող Սուսաննա Մարգարյանի նախաձեռնությամբ: Դասընթացի տևողությունը 6 ամիս է, դասաժամերը շաբաթական` 3 օր : Խմբակը կազմված է տարբեր տարիքի, մասնագիտության, նախասիրությունների տեր մարդկանցից. նրանց մեծ մասն ուսանողներ են և Սուրբ Երրորդություն եկեղեցու անդամներ: Խմբակում <<ժուռնալիստիկայի հիմունքներ ու վարպետություն>> դասընթացը կարդում է լրագրող Սուսաննա Մարգարյանը: Դասընթացը նախատեսում է ոչ միայն դասախոսություններ, այլև գեղարվեստական ֆիլմերի դիտումներ,  ինչպես նաև հանձնարարվում է փիլիսոփայության, հոգեբանության, ժուռնալիստիկայի հիմունքներին առնչվող գրականության պարտադիր ցանկ:
      Խրախուսվում է պրակտիկ գործունեությունը. ցանկության դեպքում խմբակի անդամները հնարավորություն ունեն հրապարակել իրենց հոդվածները էլեկտրոնային լրատվամիջոցներում, մամուլում: Խմբակի անդամները դասերին զուգահեռ հաճախում են թատրոններ, ցուցահանդեսներ: Նրանք միասին մասնակցում են այն բոլոր միջոցառումներին, որոնք տեղի են ունենում Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունում: Միջոցառումների ու այցելությունների բազմազանությունն ապահովում է խմբակի անդամների հասարակական ակտիվությունն ու իրադարձությունները լուսաբանելու հնարավորություն ստեղծում: Մի քանի ամսում խմբակի անդամները Սուրբ Երրորդություն եկեղեցու տանիքի ներքո ձևավորել են համերաշխ մի ընտանիք: Շաբաթական երեք օր հավաքվելով մեկ սեղանի շուրջ` ուրախ ու ջերմ մթնոլորտում քննարկվում ու մեկնաբանվում է լրատվական անցուդարձը, նորություններն ու իրադարձությունները: Այդ նույն սեղանի շուրջ նաև նշվում են խմբակի անդամների ծննդյան տոները` տորթով, շամպայնով ու սրտալի բարեմաղթանքներով:


Շողեր Հակոբյան
 

Դիտվել է 2118
2011.11.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.