Ընթերցանություն
Գլխավոր>Լրագրության խմբակ>Լուսինե Մխիթարյան> ՍԵԵՄ ակումբ` օգտակար և հիշարժան առօրյա

ՍԵԵՄ ակումբ` օգտակար և հիշարժան առօրյա

ՍԵԵՄ ակումբ` օգտակար և հիշարժան առօրյա

ՍԵԵՄ ակումբը Սուրբ Երրորդության Երիտասարդաց միության շրջանակներում կազմակերպվող և գործող կրթական-ճանաչողական նախաձեռնություններից է: Ակումբի անդամների համար կազմակերպվում են բանախոսություններ գիտական, մշակութային, հոգևոր և այլ թեմաներով: Ակումբի աշխատանքների մեկնարկը տրվել է Տեր Եսայի քահանա Արթենյանի նախաձառնությամբ և երիտասարդաց միության անդամների գործուն մասնակցությամբ: ՍԵԵՄ ակումբի ստեղծման նպատակն է կերտել ազգին պիտան, հոգևոր արժեքներով և հայեցի դաստիարակությամբ երիտասարդներ, նրանց հաղորդ դարձնել հայ հոգևոր և ազգային արժեքներին:
     Ակումբի ծրագիրն իրենից ներկայացնում է քննարկումների շարք, որոնց ամեն անգամ տրվում է տարբեր խորագրեր` <<Ճանաչիր ինքդ քեզ>>,     <<Խոստովանություն>>, <<Մարմին, միտք, հոգի>>, <<Աղոթք>> և այլն: Հրավիրվում են տարբեր մասնագետներ` հոգեբաններ, դերասաններ, բժիշկներ, աստվածաբաններ և այլոք, ովքեր ներկայացնում են թեման և պատասխանում երիտասարդներին հուզող հարցերին: Յուրաքանչյուր թեմա ունի իր նպատակը: Սկզբնական շրջանում ՍԵԵՄ ակումբի բոլոր թեմաների հիմքում ընկած էր մարդը, յուրաքանչյուր թեմա բացահայտում էր մարդուն, նրա գոյության նպատակը, կապը աշխարհի, մշակույթի ու կրոնի հետ:
    Այնուհետև <<Մարմին, միտք, հոգի>> քննարկումների շարքով, մարդը պայմանականորեն բաժանվեց երեք կարևոր բաղադրիչների` մարմին, միտք և հոգի, որոնց անդրադարձան տարբեր մասնագետներ և խոսնակներ:
    <<Աղոթք>> թեմայի քննարկումների ժամանակ փորձեցինք բացահայտել, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է անի աղոթել ցանկացող մարդը, որքան են կարևոր աղոթքի բառերը, Աստծո անունն իմանալը:
    2005 թվականից Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցին դարձել է ոչ միայն սիրելի ուխտատեղի, աղոթատուն և հավատքի հենասյուն, այլև` հզոր մշակույթային օջախ բոլոր հավատավոր մարդկանց համար:
    <<ՍԵԵՄ ակումբի շրջանակներում անցկացրած յուրաքանչյուր օր ինձ համար յուրահատուկ և նշանակալի է: Ամենատպավորիչը Արսեն Գրիգորյանի (Մրո) հանդիպումն էր, որի ավարտին բոլոր մասնակիցներով քոչարի պարեցինք: Այդ օրը կյանքում չեմ մոռանա>>,- նշում է միության անդամ Անի Ղուկասյանը, ում եկեղեցի գալու առիթը հենց ՍԵԵՄ ակումբն էր:
    Այսօր եկեղեցին շենանում ու հզորանում է իր հոգևոր հայրերի, հավատացյալ համայնքի և իր շուրջ համախմբված կայացած երիտասարդների շնորհիվ:


Լուսինե Մխիթարյան
 

Դիտվել է 4361
2011.11.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.