Ընթերցանություն
Գլխավոր>Երիտասարդաց Միություն >Ինտելեկտուալ փառատոն> Հավատքը զորանում է նաև գիտելիքով

Հավատքը զորանում է նաև գիտելիքով

Հավատքը զորանում է նաև գիտելիքով

«Պողոս Առաքյալն ասում է, որ պետք է գովաբանել նաև վիշտը, քանի որ վշտից է ծնվում համբերությունը, համբերությունից փորձառությունը, իսկ փորձառությունից`…: Ի՞նչ է, ըստ Պողոս Առաքյալի, ծնվում փորձառությունից»:

Փետրվարի 23-ին  Հայ Առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում  հենց այս հարցով մեկնարկեց Արարատյան Հայրապետական Թեմի կազմակերպած ձմեռային ինտելեկտուալ փառատոնը: Երեք փուլից բաղկացած խաղի հարցերն ընտրված էին այնպես, որ անգամ պատմությանը, աշխարհագրությանը, գրականությանը, լեզվին վերաբերող հարցերը առնչվեն աստվածաբանությանը, Ավետարանին և առհասարակ քրիստոնեությանը:


Փառատոնին ներկա էին ԱՀԹ Հայ Առաքելական Եկեղեցիները ներկայացնող 18 թիմ, որտեղ առաջին անգամ խաղում էր Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցին ներկայացնող «Ջրվեժ» թիմը: Թիմի անդամներն այնքան ոգևորված էին խաղում, որ նրանց ավագը`Սարգիսը, փառատոնը կատակով որակեց  «սարսափելի» լավ խաղ և ցանկացավ պարզել, թե հաջորդը երբ է լինելու:
Ինտելեկտուալ խաղի սեղաններից մեկն արդեն մի քանի անգամ իր շուրջն էր համախմբել նաև փառատոնի ամենակրտսեր սերնդին, ովքեր ներկայացնում էին Էրեբունի համայնքի «Մաշտոց» թիմը: Ոչ միայն թիմի, այլև խաղի ամենափոքր մասնակիցը`11-ամյա Հրանտը, համարում էր, որ առանձնապես մեծ խոչնդոտների չի հանդիպում ավագ սերնդի հետ մրցելուց: Համեմատաբար ցածր տարիքի անդամներ ունեցող այս թիմը, թեպետ, չզբաղեցրեց երեք հորիզոնականներից որևէ մեկը, բայց ձեռնունյան տուն չդարձավ: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» թիմը որոշեց մատաղ սերնդի ներկայացուցիչներին նվիրել իրեն շնորհված Սբ. Եփրեմ Ասորու «Հոգևոր Խրատանի» գրքերը: Երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Գրիգոր Լուսավորչի «Լուսավորիչ» թիմը, իսկ երրորդը`Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ» թիմը:
Խաղի կազմակերպիչներից Տեր Եսայի քհն. Արթենյանը նշեց, որ խաղի ամենակարևոր խորհուրդը առողջ մրցակցությունն է և գիտելիքների ամբարումը, և այստեղ հաղթում են բոլորը:
Հաղթական տրամադրությամբ ու գիտելիքների զանգվածային պաշար հավաքած երիտասարդներն արդեն սպասում են գարնանային փառատոնին:

Անի Ղուկասյան
ՍԵԵՄ լրագրողական ակումբ
 

Դիտվել է 6793
2013.02.24
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.