Ընթերցանություն
Գլխավոր>Տոներ>Պահք> Ոտնլվա. «Սովորեցե'ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ»

Ոտնլվա. «Սովորեցե'ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ»

Ոտնլվա. «Սովորեցե'ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ»

Խորհրդավոր ընթրիքի ժամանակ մինչև Հաղորդության խորհրդի հաստատումը Հիսուս նախ լվանում է աշակերտների ոտքերը: Անդրադառնալով այս խորհրդավոր իրողությանը` Ավետարանիչը մանրամասն պատմում է, թե ինչպես Հիսուս, վեր կենալով ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը, ծունկի եկավ Իր աշակերների առջև և սկսեց հերթով լվանալ նրանց ոտքերը ﴾Աստվածաշունչ, Հովհ.13.4-5﴿: Այնուհետև ասվում է, թե պատրաստվելով աշակերտների ոտքերը լվանալ` Հիսուս մոտեցավ Պետրոսին:Առաքյալը շփոթված առարկեց: Այդ ժամանակ Հիսուս ասաց. «Եթե քո ոտքերը չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»: Լսելով այս խոսքերը` Պետրոսն ասաց. «Տեր, ուրեմն ոչ միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա» ) Հովհաննես 13.6-9 ﴿: 12-րդ դարի հեղինակ, հայ մեկնաբանական գրականության նշանավոր դեմքերից Սարգիս վարդապետ Կունդը գրում է, թե Պետրոս ցանկանում է ասել, ինչպե՞ս` Քո ձեռքերը, որ երկինքը և երկիրը զարդարեցին, այսինքն` արարչագործությունը կատարեցին, իմ ոտքերը պետք է լվանան: Եվ ինչպե՞ս արաչական գլուխդ խոնարհնեցնես իմ գարշապարին, որը տեսնելով` կզայրանան բազմաչյա սերովբեներն ու քերովբեները, և թե ինչպես աստվածային ձեռքերովդ հողս,այսինքն`հողեղեն ոտքերս լվանաս: Հիսուս, տեսնելով Պետրոսի այս ջերմ սերը, պատասխանում է` ասելով, որ եթե նա թույլ չտա ոտքերը լվանալ, Իր հետ հաղորդության չի արժանանա: Այնուհետև ոտնլվայից հետո, երբ դարձյալ սեղան նստեց, նրանց ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում,որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի,որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13.12-15﴿:


Արևելքում տան անդամների և հյուրերի ոտքերը լվանում էին ծառաները` որպես հարգանքի արտահայտություն և մեծարանքի նշան: Քրիստոս, լվանալով Իր աշակերտների ոտքերը, նրանց խոնարհության կենդանի օրինակ է տալիս: Քրիստոս խոնարհվելով ծնվեց Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնից, լվաց աշակերտների ոտքերը և նույն խոնարհությունը մեզ սովորեցրեց, ասելով, որ. «Ով խոնարհվի, կբարձրանա»﴾Մատթեոս23.12﴿: Գրիգոր Տաթևացին նշում է, որ Քրիստոս ոչ միայն խոսքով էր քարոզում,այլև օրինակ ծառայում,որի համար ոչ միայն խոսում է խոնարհության մասին, այլև խոնարհության օրինակ ցույց տալիս: Եկեղեցու մեկնիչ սուրբ հայրերը մի այսպիսի գեղեցիկ համեմատություն են կատարում: Ինչպես Ադամը պտուղը ճաշակելու համար նախ ոտքերով ընթացավ, այսինքն`քայլեց դեպի ծառը, Քրիստոսն էլ, մարդ արարածի քայլերը դեպի Երկնքի արքայություն ուղղելուց առաջ, նախ աշակերտների ոտքերը լվաց: Այս ըմբռնումը լավագույնս արտահայտվել է Ոտնլվայի շարականի հետևյալ տողերում. «Նրան, ում երկրպագում են հրեշտակները, խոնարհվեց լվանալու հողեղենների ոտքերը,և դրանով բժշկելու նախահոր գարշապարը»:
Քանի որ Ոտնլվան կատարվում է Քրիստոսի խաչելությանը նախորդող Չարչարանաց շաբաթի Ավագ հինգշաբթի օրը, ուստի Տիրոջ օրինակով, եկեղեցիներում քահանաները լվանում են տասներկու անձանց ոտքեր:


Անդրադառնալով այն հարցին, թե ինչու միայն տղամարդկանց ոտքերն են լվացվում, Գրիգոր Տաթևացին բացատրում է ոչ միայն նրանով, որ Հիսուս Վերնատանը առաքյալների ոտքերը լվաց, այլև ասում է, որ տղամարդը գլուխն է,կինը` ոտքը,և գլխի լվացմամբ ոտքն էլ է լվացվում:
Աստվածաշունչն ասում է. «Ինչքան մեծ լինես,այնքան խոնարհեցրու́ քո անձը և շնորհ կգտնես Տիրոջ առջև» ﴾Սիրաք.3.20﴿: Առաքյալները, ստանալով մեծամեծ շնորհներ, կատարյալ խոնարհությամբ, կամավոր սիրով հանձն առան Աստծո Լույսը տարածելու ամբողջ աշխարհում: Խոնարհությունը մեծ բարիք է, որ մեզ Աստծո ու մարդկանց առաջ դարձնում է սիրելի ու հաճելի: Այդ խոնարհությունն ուներ Պետրոսը, երբ ուրացավ Հիսուսին, սակայն զղջաց ու խոստովանեց: Այդ խոնարհությունն ուներ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը: Երբ հրեշտակը հայտնեց Քրիստոսի ծննդյան լուրը, Նա ասաց. «Ես Տիրոջ աղախինն եմ, թող քո ասածը լինի»﴾ Ղուկաս1.38): Խոնարհ էին Մովսեսն ու Դավիթը, որոնք հեզ կոչվեցին: Ինչպես նաև Տերն ասաց. «Վերցրեք իմ լուծը ձեզ վրա և սովորեցե́ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ իմ լուծը տանելի է և իմ բեռը` թեթև») Մաթեոս11.29-30﴿:

Գայանե Սուգիկյան
ՍԵԵՄ լրագրության խմբակ
 

Դիտվել է 5986
2013.03.28
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.